ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐԵՎԵԼԱԳԻՏԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԿՈՆԳՐԵՍ
Հոկտեմբերի 23-24, Երևան
2020 թ. հոկտեմբերի 23-24-ը Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետը կազմակերպում է Հայկական արևելագիտական Երկրորդ միջազգային կոնգրեսը՝ ACOS’20-ը։ Առաջին Կոնգրեսը տեղի է ունեցել 2018 թվականին, որին մասնակցել էին մոտ 70 գիտնականներ և հետազոտողներ ավելի քան 10 երկրներից։
Հայկական արևելագիտական միջազգային կոնգրեսը պարբերական բնույթ կրող գիտաժողով է, որը նպատակ ունի մեկ հարթակի տակ քննարկել ժամանակակից արևելագիտության հիմնական խնդիրները և զարգացման հեռանկարները։
Գիտաժողովին կարող են ներկայացվել զեկույցներ, որոնք վերաբերում են այն քաղաքակրթական տարածքին, որը համընկնում է Մեծ Մերձավոր Արևելքի սահմաններին՝ վաղ շրջանից մինչև մեր օրերը։ Զեկույցները կարող են վերաբերել պատմության, լեզվաբանության, աշխարհագրության, մարդաբանության, քաղաքագիտության, գրականագիտության, փիլիսոփայության, մշակութաբանության, մեդիա ուսումնասիրությունների, կրոնագիտություն ոլորտներին։
Մենք հատկապես խրախուսում ենք այն զեկույցները, որոնք առնչվում են այս տարվա գիտաժողովի հիմնական թեմային՝ «Կովկասի խորհրդայնացումը և Մեծ Մերձավոր Արևելքը»: Մենք առաջարկում ենք քննարկել հետևյալ խումբ հարցերը (սակայն խրախուսում ենք նաև այլ հարցադրումներ).
- Անդրկովկասի խորհրդայնացման հետևանքները՝ բնակչության տեղաշարժ, ինքնությունների ձևավորում, կենցաղի փոփոխություն, սահմանների նոր ընկալում,
- Կոմունիզմը Մերձավոր Արևելքում 1920-ականներին. ինտերնացիոնալիզմից մինչև ազգայնականությո՞ւն
- Մերձավոր Արևելքի երկրներում և հանրույթներում Անդրկովկասի խորհրդայնացման ընկալումը. սպառնալիք, ոգևորություն, թե գաղափարական նոր տրանսֆորմացիաներ։
Մասնակցության հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2020 թ. հուլիսի 31-ը։ Հայտերը՝ համառոտ գիտական և աշխատանքային ինքնակենսագրությամբ, հեղինակի կոնտակտային տվյալներով (անուն, ազգանուն, աշխատավայր, գիտական կոչում), զեկուցման վերնագրով, մինչև 300 բառ ամփոփագրով (abstract) և բանալի բառերով, պետք է ուղարկել orientconference@ysu.am էլեկտրոնային հասցեին։
Զեկուցումների լեզուն՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն։
Զեկուցման համար կտրամադրվի 20 րոպե, որին կհաջորդի 10 րոպե տևողությամբ քննարկում։
Գիտաժողովի կազմակերպչական հանձնախմբի ընտրած հայտերի հեղինակները լրացուցիչ կտեղեկացվեն մինչև 2020 թ. օգոստոսի 17-ը։ Նախապատվությունը տրվելու է վերլուծական, այլ ոչ նկարագրական հայտերին։ Զեկուցումների տեքստերի ներկայացման վերջնաժամկետն է 2020 թ. սեպտեմբերի 25-ը։ Գիտաժողովում զեկուցված և կազմակերպչական հանձնախմբի հավանությանն արժանացած նյութերը կհրատարակվեն «Արևելագիտության հարցեր» գիտական պարբերականի հատուկ համարում։ Հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար դիմել կազմկոմիտեի անդամ Վարուժան Գեղամյանին (vgeghamyan@ysu.am):
Գիտաժողովի կազմակերպիչները կարող են տրամադրել սահմանափակ թվով աջակցություն՝ Երևանում մասնակիցների կեցությունը ապահովելու համար (կախված անհրաժեշտությունից)։
Կազմկոմիտե
Մելքոնյան Ռուբեն
Սաֆարյան Ալեքսանդր
Ոսկանյան Վարդան
Քոչարյան Հայկ
Գեղամյան Վարուժան
Պողոսյան Նաիրա
Տոնոյան Արտյոմ
Սահակյան Նաիրա